Դավթաշենի տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիր
Սույն հայտարարությունը հրավիրում է համագործակցության Երևան քաղաքում Դավթաշեն վարչական շրջանում գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, որոնք միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին, հայտնում են իրենց համաձայնությունը գործել համաձայնագրի նպատակներին և սոցիալական աջակցության սկզբունքներին համապատասխան և գործադրել լավագույն ջանքերը համաձայնագրում և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված դրույթներն իրագործելու համար: Համաձայնագրի նպատակներն ու խնդիրներն են ապահովել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում փոխգործակցություն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության մեծացում, սոցիալական աջակցության անհրաժեշտություն առաջացնող գործոնների բացահայտում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) օրինական շահերի պաշտպանություն, սոցիալական համախմբվածության ամրապնդում, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքում, աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցում, սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացում, վստահության մթնոլորտի, սոցիալական համերաշխության ձևավորում, տարածաշրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանում, մասնակցային գործընթացի ապահովում: Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերը ձևավորում են համակարգող խորհուրդ: Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են տարածաշրջանում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք: Խորհուրդը գործում է 2 տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին տարածքային մարմնի հայտարարությունը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց ներկայացվող պահանջները հրապարակվում են խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին տարածքային մարմնի հայտարարության մեջ: Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձ և սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացում: Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմինը տվյալները ներկայացնում է Երևանի քաղաքապետին` Խորհրդի անհատական կազմը հաստատելու նպատակով: Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թիվը հինգից ավելի լինելու դեպքում Երևանի քաղաքապետը առաջնահերթությունը տալիս է այն կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, որը սոցիալական աջակցության բնագավառում գործունեության ավելի երկար ժամանակահատվածի փորձառություն ունի և(կամ/ սոցիալական ծառայությունների տրամադրման ավելի մեծ թվով ծրագրեր է իրականացրել(նում): Խորհրդի կազմն ավելի վաղ ժամկետում կարող է վերանայվել Խորհրդի անդամ կազմակերպության կամ ֆիզիկական անձի Խորհրդի անդամությունից դուրս գալու կամ Խորհրդի նախագահի և(կամ) տարածքային մարմնի հիմնավորված կարծիքի դեպքում: Խորհրդի նախագահը կամ տարածքային մարմինը Խորհրդի անհատական կազմի վերանայման հիմնավորված կարծիքը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի սոցիալական հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը: Ստորաբաժանումը հարցը քննարկում է կազմակերպության կամ ֆիզիկական անձի հետ: Կազմակերպությունը կարող է առաջադրել Խորհրդի անդամության այլ թեկնածու: Ստորաբաժանումը Խորհրդի անհատական կազմի փոփոխությունը ներկայացնում է Երևանի քաղաքապետին` հաստատման: Խորհրդի անդամ կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը ցանկացած պահի և սեփական նախաձեռնությամբ կարող է դուրս գալ Խորհրդի անդամությունից` այդ մասին գրավոր տեղեկացնելով ստորաբաժանմանը: Կողմերն իրավունք ունեն ստանալ տեղեկություն իրականացվող ծրագրերի մասին, ակնկալել անհապաղ աջակցություն արտակարգ իրավիճակներում հայտնված անձի (ընտանիքի) խնդիրների լուծման հարցում, առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով, մասնակցել տեղական սոցիալական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման աշխատանքներին, միանալ սոցիալական համագործակցության ազգային մակարդակում ընդունված համաձայնագրին, հայտագրվել Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով, ներկայացնել առաջարկություն Խորհրդի քննարկման օրակարգում հարց ներառելու վերաբերյալ, կազմակերպել հանրային բնույթի միջոցառումներ և մասնակցել դրանց, կազմակերպել աջակցող ցանցի տարածաշրջանային ֆորում, դադարեցնել մասնակցությունը Համաձայնագրին: Կողմերը պարտավորվում են պահպանել օրենքով սահմանված համագործակցության սկզբունքները, իրազեկել Կողմերին իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին, արագ արձագանքել արտակարգ իրավիճակներում հայտնված անձի (ընտանիքի) խնդիրների լուծման հարցում, մասնակցել համայնքների սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին, համագործակցել տարածքային մարմնի սոցիալական դեպք վարողի հետ, իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ, իրականացնել հանրության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքներ, հավաքագրել և Խորհրդին ներկայացնել սոցիալական ծրագրերի իրականացման մասին հանրային կարծիքը, մոբիլիզացնել սեփական և հանրային ներուժը, ցուցաբերել կառուցողական դիրքորոշում, ապահովել հետադարձ կապը Կողմերի, ինչպես նաև հանրության միջև, ներկայացնել հիմնավորումը առաջարկվող հնարավոր լուծումների վերաբերյալ, մասնակցել Խորհրդի ձևավորման, գործունեության զարգացման և ծավալման աշխատանքներին, ներկայացնել առաջարկություններ աջակցող ցանցի մասնակիցներին, պահպանել սույն համաձայնագրի դրույթների կատարումը: Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և(կամ) ոչ պատշաճ կատարելու համար: Կողմերի` Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և(կամ) ոչ պատշաճ կատարելու դեպքում խնդիրը կարող է քննարկվել Համաձայնագրի 4.1.9 կետով նախատեսված ֆորումի ընթացքում: Կողմերի` Խորհրդի կազմում ընդգրկվելու, բայց դրանց աշխատանքներին չմասնակցելու և(կամ) ոչ պատշաճ մասնակցելու դեպքում կիրառվում են Համաձայնագրի 3.10. և 3.11. կետերը: Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը, համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրարկման վերաբերյալ տարաձայնությունները լուծվում են համատեղ՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Համաձայնագիրը միակողմանի ստորագրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Դավթաշենի տարածքային բաժնի պետի կողմից: Համաձայնագիրը կազմված է հայերեն մեկ օրինակից, որը պահպանվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Դավթաշենի տարածքային բաժնում: Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է համաձայնագրի վավերացված պատճենի մեկ օրինակ: Համաձայնագրի բովանդակությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Սույն համաձայնագիրը յուրաքանչյուր Կողմի համար ուժի մեջ է մտնում միանալու պահից: Կողմի մասնակցությունը Համաձայնագրին համարվում է դադարած Կողմի` մասնակցությունը հետ կանչելու մասին գրությունը (դիմումը) տարածքային մարմիններ կայացնելու պահից: