Հայտարարություն «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները։ Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր։ Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ։ Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով։