Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

«Երևան Մարաթոն» միջազգային վազքի կազմակերպման փոփոխությունների վերաբերյալ առաջարկ

«Արմ Մարաթոն» հիմնադրամը առաջարկում է փոփոխություններ «Երևան Մարաթոն» միջազգային վազքի կազմակերպման վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվում է վազքի հիմնական հատվածը Շահումյան հրապարակից տեղափոխել Զաքյան փողոց և հարակից այգու տարածք՝ այնտեղ կազմակերպելով նաև վազքի ավարտական գոտին։ Սա կնվազեցնի երթևեկության սահմանափակումների տևողությունը։ Մրցատարածությունները նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին, իսկ 1 կմ և 5 կմ վազքերը կարող են անցկացվել հոկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճում կամ հոկտեմբերի 18-ին Երևանի կենտրոնում։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 հոկտեմբեր 2026
Վայր
Զաքյան փողոց և հարակից այգու տարածք
Առարկա
«Երևան Մարաթոն» միջազգային վազքի կազմակերպման փոփոխություններ

Ամբողջական տեքստը

Տիգրան Ավինյանին
Օգոստոսի 5, 2026

Հարգելի պարոն Ավինյան,
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ «Երևան Մարաթոն» միջազգային վազքի կազմակերպման գործում բազմամյա համագործակցության և աջակցության համար:
Հաշվի առնելով, որ Երևան մարաթոնի միջոցառման անցկացումը համաձայնեցվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ, որը, հիմք ընդունելով Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը և COP17-ի հետ կապված կազմակերպչական գործընթացները, աջակցել է «Երևան Մարաթոնի» անցկացմանը, իսկ միջոցառման իրականացման հետ կապված կազմակերպչական հարցերը նպատակահարմար է համարել քննարկել Երևանի քաղաքապետարանի հետ, առաջարկում ենք դիտարկել միջոցառման կազմակերպման հետևյալ փոփոխությունները։
Առաջարկում ենք միջոցառման հիմնական հատվածը Շահումյան հրապարակից տեղափոխել Զաքյան փողոց և հարակից այգու տարածք՝ այնտեղ կազմակերպելով նաև վազքի ավարտական գոտին։ Այս տարբերակի դեպքում այլևս անհրաժեշտ չի լինի երկար ժամանակով փակ պահել Հանրապետության հրապարակն ու հարակից կենտրոնական փողոցները։
Վազորդները քաղաքի կենտրոնական փողոցներով կանցնեն միայն մեկ անգամ՝ առավոտյան ժամերին, որից անմիջապես հետո տվյալ փողոցները հնարավոր կլինի ամբողջությամբ վերաբացել երթևեկության համար։ Սա թույլ կտա էապես նվազեցնել երթևեկության սահմանափակումների տևողությունը և միջոցառման ազդեցությունը քաղաքի բնականոն աշխատանքի վրա։
12 կմ, 21 կմ և 42 կմ հիմնական մրցատարածությունները առաջարկում ենք անցկացնել հոկտեմբերի 18-ին՝ կից ներկայացված նոր երթուղով։
Ինչ վերաբերում է 1 կմ (մանկական վազք) և 5 կմ մրցատարածություններին, առաջարկում ենք դիտարկել հետևյալ տարբերակներից մեկը․

  • պահպանել դրանց անցկացումը հոկտեմբերի 17-ին՝ Հրազդանի կիրճում,
  • կամ, անհրաժեշտության դեպքում, անցկացնել դրանք հոկտեմբերի 18-ին՝ Երևանի կենտրոնում՝ հիմնական մեկնարկային և ավարտական գոտուց։
    Երկրորդ տարբերակի ընտրության դեպքում նշված մրցատարածությունների երթուղիները և դրանց կազմակերպման հետ կապված լուծումները պատրաստ ենք լրացուցիչ քննարկել Երևանի քաղաքապետարանի հետ։
    Կից ներկայացնում ենք հիմնական մրցատարածությունների փոփոխված երթուղին և երթևեկության ժամանակավոր սահմանափակումների սխեման։
    Առաջարկում ենք համատեղ քննարկել ներկայացված տարբերակները և ընտրել միջոցառման իրականացման այն ձևաչափը, որը լավագույնս կհամատեղի միջազգային միջոցառման հաջող անցկացումն ու քաղաքի բնականոն աշխատանքը։

Հարցերի կամ լրացուցիչ առաջարկների դեպքում սիրով պատրաստ ենք հանդիպել և քննարկել բոլոր մանրամասները։
Սոնա Նահապետյան
«Արմ Մարաթոն» հիմնադրամի գործադիր տնօրեն

Հավելված 1 ՝ կիսամարաթոնի/մարաթոնի քարտեզ

Google Maps ինտերակտիվ տարբերակը այստեղ